Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, նշվում է որպես գիրք նվիրելու օր:
Պատահական չէ գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը. մեզնից շատ-շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, անմահ քառյակներով, պոեմներով…
Գիրք կարդալու, գրքի հանդեպ դարեդար մեզ փոխանցված սերն ու պաշտամունքը նոր սերնդին ժառանգելու նպատակ ունի Գիրք նվիրելու օրը, որը գիրք նվիրելուց բացի նվիրում է նաև հույզեր ու գիտելիքներ, գրականությանն ու հոգևոր-մշակութային արժեքներին հաղորդակից լինելու հնարավորություն, միտք ու հոգի, քանի որ գիրքն է, որ մարդու ներաշխարհում ոչնչացնում է չարի սաղմերը, ջրում սիրո ծիլերը և սերմանում սեր դեպի իր անձն ու ընկերը, ծնողն ու հայրենիքը, մարդն ու գեղեցիկը, սիրեցյալն ու կատարյալը:
Այս խորհրդանշական օրը Արմավիրի արվեստի պետական քոլեջի գրադարանավար` Մարինե Եղիազարյանը կազմակերպել էր միջոցառում նվիրված Հ.Թումանյանի ծննդյան օրվա և Գրքի տոնի առթիվ: Միջոցառման ընթացքում ասմունքով և համերգային տարբեր համարներով հանդես եկան քոլեջի տարբեր բաժինների շնորհալի ուսանողներ:
Շնորհակալություն ենք հայտնում միջոցառման կազմակերպիչներին, դասավանդող դասախոսներին, ինչպես նաև մեր սիրելի ուսանողներրին այս խորհրդանշական օրը տոնական դարձնելու համար: