Արդեն երեք տասնամյակից ավելի Արմավիրի մարզի մշակութային կյանքի զարգացման և բարգավաճման գործում իր մեծ նպաստն ունի <<Արմավիրի արվեստի պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ը, որի գործունեության բարեբեր արգասիքները բազմաթիվ երիտասարդների մեծագույն հաջողություններն ու ձեռքբերումներն են՝ ուղղված համայնքի և երկրի բարօրությանն ու հոգևոր-մշակութային կյանքի աշխուժացմանը: Այս բոլոր տարիների ընթացքում քոլեջի տնօրենությունն ու մանկավարժական կոլեկտիվը որդեգրել են իրենց գործին անձնվեր ծառայելու, մատաղ սերնդի մեջ արվեստի տարբեր ճյուղերի նկատմամբ հետաքրքրություն ու հարգանք ձևավորելու, արժանավոր քաղաքացի ու բարձրաճաշակ արվեստագետ կրթելու ճշմարիտ և ազնիվ ուղի:
Դասախոսների անմնացորդ և տքնաջան աշխատանքի շնորհիվ , քոլեջում ձևավորված ջերմ մթնոլորտի պայմաններում ուսանողները մեծ խանդավառությամբ են կրթություն ստանում, ինչը նպաստում է նրանց ստեղծագործական մտքի ու տաղանդի արթնացմանը, անձի ինքնազարգացմանը և ինքնակայունացմանը, մասնագիտական ճիշտ կողմնորոշման հիմք դառնում:
Քոլեջի բարգավաճման և զարգացման, կրթական մակարդակի բարձրացման, արդիականացման, կրթօջախի շենացման գործում անուրանալի ներդրում ունի քոլեջի տնօրեն Նունե Մուրադյանը, ով իր հոգու ողջ ջերմությամբ նվիրված է հարազատ կրթօջախին, հետաքրքրվում է նրա ամեն մի հիմնախնդրով, սրտի թրթիռով է սպասում իր սաների հաջողություններին և հոգատար վերաբերմունք է տածում բոլորի հանդեպ: Նրա անձնվեր աշխատանքը օրինակելի է դարձել ողջ կոլեկտիվի և ուսանողության համար:
Մեծ է քոլեջի ստեղծագործական ակտիվ կյանքով ապրող դասախոսամանկավարժական կոլեկտիվի դերը երիտասարդ սերնդի կրթության, դաստիարակության և բարձրորակ մասնագետների պատրաստման գործում: Նրանցից շատերը վաստակաշատ մանկավարժներ են, ովքեր իրենց երկարամյա աշխատանքային փորձով, քոլեջի և իրենց սաների հանդեպ տածած մեծ սիրով, անմնացորդ նվիրումով իրենց գիտելիքներն ու հմտություններն են փոխանցում երիտասարդ սերնդին:
Քոլեջի սաները ողջ տարվա ընթացքում իրենց մասնակցությունն են ցուցաբերում քաղաքում, մարզում կազմակերպվող տարաբնույթ միջոցառումներին, փառատոներին ու մրցույթներին` նպաստելով արվեստի հանդեպ հանրության հետաքրքրության բարձրացմանը: Քոլեջի գործունեության առանցքային նպատակներից մեկն է նաև երիտասարդ սերնդի շրջանում արվեստի տարբեր ճյուղերի հանդեպ հետաքրքրություն և սեր արթնացնելը, ուստի քոլեջի տարբեր բաժիններում ուսանող շատ պատանիների համար քոլեջը դարձել է ոչ թե ուսումնական կենտրոն, այլ արվեստի հետ շփվելու հոգևոր միջավայր, որտեղ նրանք լիովին լիցքաթափվում են, արարում, ազատորեն ստեղծագործում ու գտնում հոգեկան ներդաշնակություն:
Ամեն տարի բազմաթիվ ուսանողներ մասնակցում են հեղինակավոր մրցույթների և միջազգային փառատոների` արժանանալով պատվավոր մրցանակների, պատվոգրերի ու շնորհակալագրերի:
2022-2023 ուսումնական տարին Արմավիրի արվեստի պետական քոլեջն ամփոփում է նշանակալից ձեռքբերումներով ու իրադարձություններով, որոնք անջնջելի մի էջ դարձան քոլեջի պատմության մեջ: Տարվա հիշարժան տոների շրջանակներում քոլեջի տաղանդաշատ ուսանողներն իրենց պարային ելույթներով, երաժշտական կատարումներով, գեղանկարների և դիզայներական աշխատանքների ցուցադրություններով մասնակից են դարձել մարզային և քաղաքային համաժողովրդական միջոցառումներին: Ողջ տարվա ընթացքում քոլեջում անցկացվել են բազմաթիվ փակ երեկոներ, ծրագրային և ոչ ծրագրային ցուցահանդեսներ, բաց դասեր:
Արմավիրի արվեստի պետական քոլեջը սերտորեն համագործակցում է ԵՊԿ-ի, ՀՊՄՀ-ի, ԵԳՊԱ-ի և հեղինակավոր այլ բուհերի հետ, որի շրջանակներում համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմը ընդգրկվում է պետական ավարտական քննական հանձնաժողովներում՝ իրենց արհեստավարժ փորձը փոխանցելով երիտասարդ դասախոսներին: Այս ուսումնական տարվա քննական հանձնաժողովներում ընդգրկված էին արվեստաբանության բնագավառում մեծ հեղինակություն ունեցող անվանի պրոֆեսորներ Սերգեյ Սարաջյանը, Կարինե Առաքելյանը, Ծովինար Հովհաննիսյանը, Ավետիք Ավետիսյանը, Գայանե Գեղամյանը, արվեստագիտության թեկնածու, գիտաշխատող Մարիաննա Տիգրանյանը, Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ դասախոս, պարուսույց Ռիմա Պիպոյանը, որոնք իրենց հիացմունքն ու դրվատանքի խոսքերն ուղղեցին քոլեջի մանկավարժական կոլեկտիվին և տնօրեն Ն.Մուրադյանին՝ երիտասարդ բարձրորակ մասնագետների պատրաստման և մարզում մշակույթի դերի բարձրացման և տարածման գործում ցուցաբերած ջանքերի համար:
Տարին արգասաբեր էր միջազգային փառատոներում մեր պատանիների շռնդալից հաջողություններով: Մասնավորապես, մոսկովյան <<Արվեստն առանց սահմանների – ճարտարապետություն, դիզայն, նորաձևություն>> միջազգային հեռավար մրցույթ-փառատոնում <<Գեղանկարչության>> բաժնի վարիչ Ռ.Սարգսյանի և նույն բաժնի դասախոսներ Մ.Բաղդասարյանի, Ժ.Կիրակոսյանի սաներ Ալվարդ Դանիելյանը, Յուրա Մխիթարյանը և Աննա Ղամբարյանը արժանացան պատվավոր Մեծ մրցանակին, առաջին և երկրորդ տեղերին: Տարվա ընթացքում <<Արտմյուզիք>>, <<Նոր ձեռքեր>>, <<Մեղեդի>>, <<Լիրիկա>> և <<Խաչատուր Ավետիսյան>> արվեստի միջազգային հեղինակավոր մրցույթ-փառատոներում նվիրյալ դասախոսներ Ա.Ալավերդյանի, Վ.Վարդանյանի, Ա.Ավետիսյանի, Հ.Հովհաննիսյանի, Ա.Մելիքսեթյանի, Ռ.Սարգսյանի, Ա.Մարտիրոսյանի, Ժ.Կիրակոսյանի, Ն.Վարդանյանի, Լ.Միքայելյանի, Ա.Կապցովայի ջանքերով տարբեր մասնագիտությամբ կրթվող շուրջ 55 ուսանողներից ոսկե մեդալի արժանացան թվով 14 սաներ, արծաթե մեդալի՝ 31 սաներ, բրոնզե մեդալակիր դարձան 9 մասնակիցներ:
Քոլեջի <<Պարարվեստ>> բաժնի դասախոսներ Լ.Մանուկյանի և Գ.Բարեղամյանի ջանքերով տարին մրցանակներով ամփոփեց նաև քոլեջի պարային համույթը: <<Մինորա>> մշակութային կենտրոնի կողմից կազմակերպվող համահայկական բազմաոճ մրցույթ-փառատոնում քոլեջի պարուհիները ներկայացան <<Ազգային պարերի շարան>> և <<Նազանի>> պարերի բեմադրություններով՝ արժանանալով առաջին կարգի մրցանակների:
Այս ուսումնական տարին նշանավորվեց նաև Արմավիրի մարզ այցելած Չեխիայի Հանրապետության Մորավյան-Սիլիզյան երկրամասի տարածաշրջանային և զբոսաշրջության գծով տեղակալ Յան Կրկոշկայի գլխավորած պատվիրակության հյուրընկալությամբ: Նրանց պատվին կազմակերպվեց ցուցահանդես-համերգ, որի ընթացքում քոլեջի տաղանդավոր սաները հանդես եկան ազգային ու դասական երգ ու պարով, գործիքային կատարումներով, ներկայացրին իրենց գեղանկարչական և այլ աշխատանքները:
Մշակութային ուսումնական հաստատությունների համագործակցությամբ և կրթական տարաբնույթ ծրագրերի ներդրմամբ պայմանավորված՝ այս ուստարվա ընթացքում քոլեջը հանդիպում կազմակերպեց Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի հետ,որն իր 100-ամյա հոբելյանի կապակցությամբ շրջայցային ծրագիր էր իրականացնում հանրապետության տարբեր մարզերում:Այդ հանդիպումը նշանավորվեց տնօրենների կողմից կնքված փոխհամագործակցության հուշագրով:
<<Արմավիրի արվեստի պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ում տարին եզրափակվեց հաշվետու համերգով: Տարեվերջյան տոնական օրը մեկնարկեց քոլեջի նախասրահում բացված ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված էին <<Գեղանկարչություն>> և <<Դիզայն>> մասնագիտությամբ սովորող ուսանողների գեղանկարչական և կոմպոզիցիոն անզուգական աշխատանքներ: Ցուցահանդեսին հաջորդեց հաշվետու համերգը: Համերգի պատվավոր բացումն ազդարարեց քոլեջի երգչախումբը, որը խմբավարում էր քոլեջի <<Երգչախմբավարություն>> մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Միլենա Մկրտչյանը(դասախոս՝ Մ.Զաքարյան): Համերգային ծրագրին ազգային շունչ էին հաղորդում <<Ժողգործիքներ>> բաժնում սովորող Գրետա Վարդանյանի, Մարինե Եղիշյանի, Մխիթար Մխիթարյանի, Նորայր Հովհաննիսյանի կատարումները, ինչպես նաև քոլեջի ժողնվագախմբի (ղեկավար՝ Ա.Ալավերդյան), դհոլահարների (դասախոս՝ Հ.Մարտիրոսյան) և կիթառահարների(դասախոս՝ Տ.Աղաջանյան) համույթների անզուգական ելույթները: Համերգային ծրագիրը համեմված էր ոչ միայն ժողովրդական, այլև դաշնամուրային, փողային և լարային դասական ստեղծագործություններով, որոնք կատարեցին քոլեջի ուսանողներ Զոյա Մանուկյանը(դասախոս՝Ա.Հակոբյան), Նելլի Հայրապետյանը և Սաթենիկ Մկրտչյանը(դասախոս՝ Բ.Շախսուվարյան), Վանիկ Ղարիբյանը(դասախոս՝ Ս.Խաչատրյան): Համերգի ընթացքում մենակատարումներով և վոկալ համույթով հանդես եկան երգեցողության բաժնի ուսանողներ Աննա Հակոբյանը(դասախոս՝ Ն.Մուրադյան), Ալվարդ Դավթյանը, Ալվարդ Մեսրոպյանը և Աշոտ Դավթյանը(դասախոս՝ Ա.Ավետիսյան): Համերգային ծրագիրը եզրափակվեց քոլեջի երգչախմբի տպավորիչ ելույթներով (խմբավար՝ Հ.Ասլանյան): Համերգային ողջ ծրագրի ընթացքը վարպետորեն վարում էր քոլեջի <<Դերասանական արվեստ>> մասնագիտության ուսանողուհի Ռուբինա Կնյազյանը (դասախոս Վ.Վարդանյան): Համերգի պատվավոր հյուրերի թվում էին Արմավիր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վ.Սարգսյանը, մի քանի տնօրեններ: Մեծ բավականությամբ ու անջնջելի տպավորություններով հանդիսատեսը հեռացավ դահլիճից` իր հետ տանելով վառ զգացողություններ ու հոգևոր արժեքներից փոխանցված կենսատու լիցքեր: