Ապրիլի 10 – ին Արմավիրի Արվեստի պետական քոլեջի <<Դիզայն>> բաժնի 4 – րդ և <<Գեղանկարչություն>> բաժնի 5 – րդ կուրսերի ուսանողները <<Արվեստի պատմություն>> առարկայի դասախոս Թ. Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելեցին Էջմիածնի մի շարք թանգարաններ: Առաջին թանգարանը ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մհեր Աբեղյանինն էր: Այստեղ ուսանողները ծանոթացան նկարչի բազմաժանր գործերին: Աբեղյանի թանգարանում բացվել էր հայ գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանի անվանական ցուցասրահը` նվիրված արվեստագետի ծննդյան 150 – ամյակին: Ցուցադրությունում ներկայացված էին տարբեր տարիների և բազմաթիվ շրջագայությունների ընթացքում ստեղծած շուրջ 50 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, կարևոր մաս էին կազմում էտյուդներն ու գծանկարները:
Այնուհետև ուսանողները այցելեցին ամերիկահայ քանդակագործ Խորեն Տեր–Հարությանի թանգարան, որտեղ ծանոթացան արվեստագետի յուրօրինակ ստեղծագործություններին (քանդակ, գծանկար, գեղանկար): Քանդակագործի ամենաազդեցիկ և ինքնատիպ գործերը ստեղծված էին Եղեռնի թեմայով:
Վերջում նրանք այցելեցին Ռուբեն Սևակի թանգարան: Այստեղ ցուցադրվում էին արևմտահայ նկարիչների բացառիկ և արժեքավոր շուրջ 200 կտավներ, ինչպես նաև 1915 թ. Հայոց Ցեղասպանության օրերին թուրքերի կողմից նահատակված հայ նշանավոր բանաստեղծ և արձակագիր Ռուբեն Սևակին պատկանող ածխանկարներ, անձնական իրեր և հայ արվեստի արժեքավոր գործեր:
Ուսանողները անմոռանալի և գեղեցիկ տպավորություններով վերադարձան տուն: