Այսօր մեր պատմության ամենամեծ բնական աղետի` Սպիտակի ավերիչ երկրաշարժի 32-րդ տարելիցն է: Աղետ, որի բերած կորստի ու ողբերգության ցավը արձագանքեց յուրաքանչյուր մարդու սրտում, եւ ողջ մարդկությանը միավորեց “Քեզ համար, Հայաստան” կարգախոսով:
Դժվար է բառերի մեջ խտացնել մեր ապրած ցավն ու կսկիծը: Բնության կույր տարերքը րոպեների ընթացքում ոչնչացրեց մեր քաղաքներն ու գյուղերը, խլեց տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր, հարյուր հազարավորներին թողեց անօթեւան:
Այս օրերին, մենք ոգեկոչում ենք արհավիրքին զոհ գնացած մեր եղբայրների ու քույրերի հիշատակը, սփոփանքի ու քաջալերանքի խոսք ենք ուղղում բոլորին, ովքեր վերապրել են 1988 թվականի դեկտեմբերյան օրերը, ում հարազատների ու մերձավորների կյանքն է խլել սարսափելի աղետը: