«Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի»

Սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8)-ին լրացավ հայ երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան 151-ամյակը:
Թուրք-ադրբեջանական ահաբեկչության այս ահասարսուռ օրերին, երբ հերթական անգամ հայը զենք է վերցրել իր ազգային ինքնությանը սպառնացող վտանգից պաշտպանվելու համար, հասկանալի է դառնում մի պարզ ճշմարտություն, որ պատմության անիվը իր հերթական պտույտն է կատարել. մենք կրկին դեմ դիմաց կանգնած ենք այն եղեռնագործ թուրքի առջև, որն իր յաթաղանով սրախողխող էր անում նորածին մանկանն ու սրին պարզած` աղոթքն ուղղում իր ալլահին։
Բայց հայը հավերժի ճամփորդ է, քանի որ նրա շուրթերով Կոմիտաս ու Ազնավուր են հնչում, նրա ձեռքերով գորգեր են հյուսվում, խաչքարեր կերտվում, նրա լեզվով հնչում է Նարեկացու աղոթքն` ուղղված համայն մարդկությանը։ Իսկ այդպիսի արժեքներ ստեղծող ժողովուրդն անմահ է։
Եվ ինչպես ասել է Պարույր Սևակը. «Ժողովուրդն ինքն իրեն տեսնում է՝ նայելով իր այն զավակներին, որ սերել են նրա ոսկրից ու ծուծից, կաղապարվել ըստ նրա հավաքական կերպարի ու ժառանգել ամենայն հայրականը: Ժողովուրդն է ստեղծում նրանց՝ ի մի հավաքելով իր ամբողջ ցանուցիր բազմանիստությունը, բայց հենց որ ծնեց, ինքը՝ ժողովուրդն էլ լուսավորվում է այդ բազմանիստի ներքին ճառագումից: Այս վերառումով էլ՝ ոչ միայն ժողովուրդն է նրանց ծնում, այլև նրանք են ժողովուրդ վերածնում:Կոմիտասն այդպիսի ծնունդ էր, և նրա պարգևած լույսը դեռ երկար պիտի անդրադառնա պարգևողի դեմքին և արտացոլվի նրա հոգու մեջ»:
  • October 8, 2020
  • |