Մարտի 23-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջի <<գեղանկարչություն>> և <<դիզայն>> բաժինների 3-րդ կուրսի ուսանողները գեղարվեստի բաժնի դասախոսներ Լ. Մուրադյանի և Զ. Հակոբյանի ղեկավարությամբ այցելեցին Երևան: Իրենց առաջին այցը եղավ <<Մեգերյան կարպետ>> հայկական գորգագործական արվեստը ներկայացնող ընկերություն: Ընկերության աշխատակիցները սիրով ներկայացրին իրենց թանգարան-ցուցասրահի նմուշները՝ հարյուր և ավելի տարեկան հայկական գորգեր, ամենահին գորգը թվագրված 17-րդ դ. և ծանոթացրին հայկական գորգագործության գաղտնիքներին: Այնուհետև ուսանողները այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ: Այստեղ դասախոս Լ. Մուրադյանը շրջայց կազմակերպեց արևմտաեվրոպական և ռուսական մշակույթը ներկայացնող բաժիններով:
Անվանի հայ գեղանկարիչների և քանդակագործների ստեղծագործությունները ուսանողները հնարավորություն ունեցան տեսնելու և ուսումնասիրելու Արամե պատկերասրահում: Ներկայացված աշխատանքները մեծ տպավորություն գործեցին ուսանողների վրա և արթնացրին ստեղծագործական նոր մտքեր:
Մշակութային օրը շարունակվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն այցելությամբ, որտեղ նրանք դիտեցին Ա. Խաչատրյանի <<Դիմակահանդես>> բալետը: