Նոյեմբերի 16-ին, Կոմիտասի 150-ամյակին ընդառաջ միջոցառումների շրջանակներում, Արմավիրի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ տեսական ցիկլի բաց դաս՝ «Նվիրում Կոմիտասին» խորագրով, ղեկավար՝ Արմինե Աթոյան: Միջոցառմանը մասնակցում էին քոլեջի 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսի՝ ժողովրդական նվագարանների, տեսության, երգեցողության, դաշնամուրային և ջութակի բաժիններից ուսանողներ: Նրանք ներկայացրեցին Կոմիտաս Վարդապետի (1869-1935 թթ.) բազմակողմանի գործունեությունը. որպես կոմպոզիտոր, երաժշտագետ, բանահավաք, երգիչ, խմբավար և մանկավարժ: Միջոցառման ընթացքում հնչող խոսքերը տարբեր հաճախականությամբ ընդմիջվում էին Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ, բացառությամբ 2 ստեղծագործության՝ «Բաղձանք» և «Նոճիներ ու մայրիներ», որոնք պատկանում են Վահան Արծրունուն, վերջինս էլ դրանք գրել է Կոմիտասի բանաստեղծությունների տեքստով:
Կոմիտասի ստեղծագործությունները հնչեցին ձայնով (մենակատար և դաշնամուրի նվագակցությամբ), դուդուկով, դաշնամուրով, վոկալ և վոկալ-գործիքային (ձայն, կիթառ և ջութակ) անսամբլներով և երգչախմբով: Ներկայացվեցին նաև Կոմիտասի նամակներից մի փոքր հատված՝ ուղղված իրեն մտերիմ տարբեր արվեստագետներին, որտեղ բացահայտվում են Կոմիտաս-անձի տարբեր հոգեվիճակները, ինչպես նաև, նրա գեղեցիկ և խորիմաստ բանաստեղծություններից:
Այս ամենը համեմված էր կոմպոզիտորի տարբեր տարիների նկարների (մակագրությամբ) շարքի՝ մեծ էկրանով ցուցադրմամբ:
Միջոցառման ղեկավար Արմինե Աթոյանը վերջում ներկայացրեց Տիրան Լոքմագյոզյանի «Կոմիտաս. Գերմանական երկեր» գրքի, վերջերս իրականացված հրատարակությունը, որտեղ ընդգրկված են Կոմիտասի Գերմանիայում ուսումնառության տարիներին (1896-1899 թթ.) գրած գերմանական երկերը՝ մեներգեր դաշնամուրի նվագակցությամբ, «ա կապելլա» երգչախմբային ստեղծագործություններ, դաշնամուրային երկեր, լարային քառյակի համար փոքր ստեղծագործություններ և փոքր սիմֆոնիկ նվագախմբի համար մի կտոր, ինչպես նաև Կոմիտասի կողմից թարգմանված և մշակված Հայկական պատարագի մեղեդիներ և ստեղծագործական առումով սկզբնական փուլում գտեվող կամ անավարտ (մասամբ կորած) երկեր: