<< Ժամանակակից թանգարանների օր>>

2018 թ. հոկտեմբերի 6 – ին Արմավիրի Արվեստի պետական քոլեջի <<Դիզայն>>, <<Գեղանկար<< և <<Պար>> բաժինների ուսանողները դասախոս Թ. Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելեցին Երևանի մի շարք թանգարաններ:
Սկզբում այց կատարեցին բազմաժանր նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահ, որի երկու հարկերում ցուցադրվում էին վարպետի էպիկական շնչով մեծածավալ կտավները. նկարչի հայացքը պատմության էջերից այսօրվան է փոխանցում ուժի, առնականության, հպարտության ու հաղթանակի անցյալի ոգին։ Ուսանողները գրեցին իրենց տպավորությունները նկարչի կտավների մասին և շարունակեցին այցը հաջորդ մշակութային կենտրոն, որը կոչվում է <<ՀԱՅԱՐՏ>>: Այստեղ շատ մեծ էր ուսանողների զարմանքը, երբ նրանք տեսան օտարերկրյա արվեստագետների ժամանակակից և յուրօրինակ աշխատանքները: Այնուհետև ուսանողները այցելեցին Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ հիմնականում ներկայացված էին հայ ժամանակակից նկարիչների՝ Մինաս Ավետիսյանի, Վրույր Գալստյանի, Հակոբ Հակոբյանի, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի, Էմիլ Գազազի, Սարգիս Համալբաշյանի, Աշոտ Ղազարյանի (Աշոտ-Աշոտ) և այլոց ստեղծագործությունները։ Թանգարանից անմասն չէր մնում նրա առջևում բացված ցուցասրահը, որտեղ ևս այցելեցինք և ծանոթացանք հայազգի նկարիչ Ալբեր Հակոբյանի աբստրակցիոնիստական աշխատանքներին: Հաջորդ այցը Ազգային պատկերասրահ էր, որտեղ բացվել էր Մինաս Ավետիսյանի 90 – ամյակին նվիրված <<Մինաս. բոլորովին հին ու նոր>> խորագրով ցուցահանդեսը: Մանկությունը գյուղում անցկացրած նկարչի հիշողություններում վառ պահված գյուղի կենցաղն ու գյուղական բնությունը պատկերված են ավետիսյանական բոլոր աշխատանքներում, որոնք մեծ տպավորություն թողեցին ուսանողների մոտ և արթնացրեցին ստեղծագործական նոր մտքեր:
Վերջում ուսանողները Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում դիտեցին <<Քարերը հավաքելու ժամանակը>> 2 գործողությամբ կատակերգությունը և մեծ տպավորություններով վերադարձան:

  • October 6, 2018
  • |