Հունիսի 1 – ին Արմավիրի արվեստի պետական քոլեջին կից պրակտիկայի բաժինը կազմակերպվել էր ցուցահանդես-համերգ` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Գեղարվեստի բաժինը, գունագեղ ու մանկան ծիծաղով ու խինդով լեցուն, ցուցադրեց երեխաների աշխատանքները: Օրվա տոնական ծրագրին մասնակցում էին նաև պարարվեստ բաժնի փոքրիկ հրաշքները՝ իրենց զվարճալի պարային կատարումներով, պատանի երգիչները, դուդուկահարներն ու դհոլահարները` իրենց առանձնահատուկ ծրագրով: Ցուցահանդեսին ներկա էին դասախոսներ, ուսանողներ, հյուրեր և ծնողներ: Իր ջերմ ու անկեղծ շնորհավորանքով հանդես եկավ քոլեջի տնօրեն Ն. Մուրադյանը, ով երեխաներին մաղթեց նորանոր հաջողություններ և մասնագիտական բարձունքներ և նկարչական մրցույթ – փառատոնին մասնակցած երեխաներին հանձնեց գրքեր և պատվոգրեր:
Ամբողջ քոլեջով մեկ ցուցադրվում էին մանուկների գունեղ, պայծառ, վառվռուն ու հեքիաթային գույներով լեցուն աշխատանքները: Նրանք կարողացան յուրաքանչյուրին ստիպել մանկանալ և զգալ մանուկների անկեղծ, բարի ու անբասիր աշխարհում: Քոլեջը երեխաների համար այս օրը փորձեց տոն դարձնել, գունավորել նրանց մանկությունը, լցնել մթնոլորտը ուրախ ճիչերով ու ծիծաղով:
Թող աշխարհի բոլոր մանուկները մեծանան ընտանիքներում, ստանան ծնողների ջերմությունն ու սերը և իրենց վառ աչուկներով լուսավորեն մեր մոլորակը, ամեն օր ավելի ու ավելի ամուր կանգնեն հողի վրա և դառնան լուսավոր ապագայի կերտողներ..