2017 թ. նոյեմբերի 25 – ին Արմավիրի Արվեստի պետական քոլեջի <<Դիզայն 4 – րդ>> և <<Պար 2-րդ>> կուրսերի ուսանողուհիները Գեղարվեստի բաժնի արվեստի պատմության դասախոս Թ. Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելեցին Երևանի մի շարք թանգարաններ:
Առաջին թանգարանը հայ խորհրդային նկարիչ – արձանագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարինն էր, որտեղ ուսանողները տեսան քանդակագործի մեծ ճանաչում և հռչակ վայելող տարատեսակ աշխատանքները (գեղանկար, գրաֆիկա, քանդակ և տարածական նկարչություն), իմացան «Վարդան Մամիկոնյան» և Հայաստանի ու հայության խորհրդանիշ դարձած «Սասունցի Դավիթ» մեծարժեք հուշարձանների մասին:
Հաջորդը ՀՀ վաստակավոր նկարիչ, ՀՀ ժողովրդական գործիչ Սարգիս Մուրադյանի պատկերասրահն էր: Այստեղ անսպասելին և տպավորիչը նկարչի դստեր՝ Զարուհի Մուրադյանի (միաժամանակ՝ պատկերասրահի տնօրեն) հետ հանդիպումն էր, ով ներկայացրեց իր հոր կենսագրությունը և շատ հիշարժան պահեր նկարչի կյանքից: Իսկ ուսանողները զրույցի ընթացքում իմացան իրենց հետաքրքրող նկարների բազմաթիվ հարցերի պատասխանները: Այնուհետև ուսանողները այցելեցին Ռուսական թանգարան և ծանոթացան տարբեր դարաշրջաններում և ժանրերում ստեղծագործող ռուս նկարիչների աշխատանքներին: Վերջին այցը Գաֆեսճյան արվեստի կենտրոնն էր, որտեղ ուսանողները տեսան ժամանակակից արվեստի լավագույն նմուշները, իսկ Գաֆեսճյան քանդակների պարտեզում, որն ընդգրկում է Կասկադի դիմաց գտնվող պուրակի տարածքը, տեսան ներկայացված աշխարհի մոնումենտալ քանդակների լավագույն հավաքածուները՝ հեղինակավոր արվեստագետներ Ֆերնանդո Բոտերոյի, Լին Չեդուիքի, Ժաումե Պլենզայի և Բարրի Ֆլանագանի ստեղծագործությունները։ Մշակութային օրը եզրափակվեց Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում Ն. Գոգոլի <<Ռևիզորը>> պրեմիերա կատակերգության դիտմամբ: