Հանրակրթական առարկաների ցիկլի մաթեմատիկայի դասախոս ` Հ.Քուրդյանը ս/թ նոյեմբերի 17-ին կազմակերպեց բաց դասը <<Մաթեմատիկան արվեստում>> խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին առաջին կուրսի բոլոր ուսանողները: Բաց դասի նպատակն էր արվեստով զբաղվող պատանիների շրջանում մաթեմատիկայի նկատմամբ սեր և հետաքրքրություն սերմանելը: Միջոցառման ընթացքում ուսանողները հանդես եկան նախագծային աշխատանքներով:
Երաժշտական բաժնի ուսանողները ներկայացրին մաթեմատիկայի և երաժշտության կապը, նաև անրադարձան գերմանացի կոմպոզիտոր Յ.Ս. Բախի <<Պրելյուդ N 1>> ստեղծագործության մաթեմատիկական, մոդելի բնութագրմանը: Հետևելով Պյութագորասի տեսությանը ` ուսանողները իրենց ծննդյան տարեթվերը վերածել էին երաժշտության և պարզել , որ 71 % -ի ծննդյան տարեթիվը հնչում է կոնսոնանս: Շատ հետաքրքիր նախագծով հանդես եկան նաև գեղանկարչության , դիզայնի և համակարգչային դիզայնի ուսանողները: Նրանք ներկայացրին մաթեմատիկան գեղանկարչության և քանդակագործության մեջ: Խոսեցին այնպիսի մաթեմատիկական հասկացությունների մասին ինչպիսիք են ոսկե հատումը, համաչափությունը , հավասարկշռությունը: Այս ամենը ներկայացվեց հայտնի ստեղծագործությունների միջոցով: Ամբողջ միջոցառումը ուղեկցվեց երաժիշտ ուսանողների գեղեցիկ կատարմամբ: Միջոցառման ավարտին իր խրախուսական ելույթով ուսանողներին ոգևորեց քոլեջի տնօրեն` տիկին Մուրադյանը: