2017 թ. հոկտեմբերի 21 – ին Արմավիրի Արվեստի պետական քոլեջի <<Դիզայն>> և <<Գեղանկարչություն>> մասնագիտության 2 – րդ կուրսի ուսանողները, ինչպես նաև քոլեջին կից պրակտիկայի բաժնի 2–րդ դասարանի սաները դասախոս Լ. Մուրադյանի ուղեկցությամբ այցելեցին սիրված և ճանաչված նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն – թանգարան: Գունագեղ և լուսավոր աշխատանքները հիացրեցին ուսանողներին: Դրանից հետո նրանք այցելեցին Ազգային պատկերասրահ: Այստեղ ուսանողները ծանոթացան տարբեր դարաշրջանների նկարիչների աշխատանքներին:
Ամենատպավորիչը և հիշարժանը աշխարհահռչակ և հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200–ամյակին նվիրված ցուցահանդեսն էր: Երեխաները հիացել էին Այվազովսկու <<Քաոսը>> , <<Աշխարհի արարումը>> կտավով, որը Հայաստան է բերվել Վենետիկի Մխիթարյան միաբանությունից: Նշենք, որ չնայած Այվազովսկու ստեղծագործություններում առանձնանում են խորհրդավոր և ռոմանտիկ տրամադրությամբ գիշերային տեսարանները, սակայն Այվազովսկու տարերքը փոթորկոտ ծովն է՝ նրա ստեղծագործությունների առանցքային թեման: Փոթորկահույզ տեսարաններում նկարչի վրձինը գործում է մեծագույն վարպետությամբ՝ փոխանցելով անսանձ տարերքի և մաքառող մարդու դրամատիկ բախումը: Վերջում բոլորը մեծ տպավորություններով և խանդավառությամբ վերադարձան տուն: