Արմավիրի արվեստի պետական քոլեջում բացվել է սոցիալական ձեռնարկություն

Արմավիրի արվեստի պետական քոլեջում այսօր պաշտոնապես բացվել է սոցիալական ձեռնարկություն, որը Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրի արդյունք է: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանը, ոլորտի աշխատակիցներ, քոլեջի ուսանողներ:  

Արմավիրի արվեստի պետական քոլեջի ուսանողները հյուրերին դիմավորեցին ազգային պարով և հայրենասիրական երգերով:Բակում տեղադրված էին քոլեջի գեղարվեստի բաժնի ուսանողների լավագույն աշխատանքները, որոնք արժանացան մեծ հավանության և հիացմունքի խոսքերի:

Տպարանի հանդիսավոր բացումից հետո հյուրերը հավաքվեցին դահլիճում,որտեղ կայացավ ՄԿՈՒ բարեփոխումների ֆորումը : Ելույթ ունեցան ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանը: Հանդես եկավ նաև Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրեն` Նունե Մուրադյանը: Նա հանգամանորեն ներկայացրեց քոլեջի «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում տարված աշխատանքների մասին: Նշեց, որ այդ ծրագրի շրջանակում Արմավիրի արվեստի պետական քոլեջում ստեղծվել է տպագրատուն, որը վերանորոգված և հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար: Հաշմանդամություն ունեցող 40 երիտասարդ մասնակցել է վերապատրաստման դասընթացների Արմավիրի արվեստի պետական քոլեջում: Ուսանողներից հինգն արդեն աշխատում են սոցիալական ձեռնարկության տպարանում: Բացի այդ, «Սեյվ դը չիլդրեն»-ի դրամաշնորհային ծրագրով Արմավիրի հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար իրականացվել են կարճաժամկետ դասընթացներ` ներառական մասնագիտական կրթություն իրականացնելու և հաստատության ֆիզիկական մատչելիությունն ապահովելու նպատակով՝ այսպիսով աջակցելով նրանց մասնագիտական հմտությունների զարգացմանը և աշխատանքի տեղավորմանը:
Ծրագրի նպատակն է` բարելավել Հայաստանի աշխատաշուկայի արդյունավետությունն ու զբաղվածությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության խթանմանը: Այն շոշափելի արդյունքներ է գրանցել՝ զբաղվածության հավասար հնարավորություններ ստեղծելով հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար միջին մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում սոցիալական նորարարությունը խթանելու միջոցով:

  • October 12, 2017
  • |