Այսօր՝ ս/թ հունիսի 22-ին, Արվավրրի արվեստի պետական քոլեջում թևածում էր տոնական տրամադրություն: Քոլեջի դահլիճում հանդիսավոր կերպով շրջանավարտներին հանձնվեցին ավարտական դիպլոմները: Մինչ հանձնման արարողության մեկնարկը՝ հիշարժան օրվա առթիվ իր ողջույնի և շնորհավորանքի խոսքը հղեց քոլեջի տնօրեն Նունե Մուրադյանը, ով իր խոսքում մասնավորապես նշեց. «Հարգելի շրջանավարտներ, չնայած քաջ գիտակցելով, այդուհանդերձ հերթական անգամ քոլեջը մեծ դժվարությամբ է հրաժեշտ տալիս իր սաներին, մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում դարձել էին ինչպես հարազատ զավակներ: Այդուհանդերձ ուսումնառության այս տարիների ընթացքում դուք մասնագիտացել եք՝ տարեցտարի աստիճանանաբար ուրվագծելով ձեր աշխատանքային հեռանկարները, ձեռք եք բերել այնպիսի որակները, որոնք կօգնեն ձեզ լինել լիարժեք մրցունակ և համապատասխան ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին: Մաղթում եմ բոլորիդ կանաչ ճանապարհ և հաղթանակներ կյանքի այս նոր շրջափուլում»: Այնուհետև յուրաքանչյուր մասնագիտության գծով բաժնի վարիչները, շրջանավարտներին շնորհավորական խոսքեր հղելուց հետո, հանձնեցին ավարտական դիպլոմները:
Ուսանողները ևս անմասն չմնացին և իրենց երախտիքի խոսքը փոքրիկ ցերեկույթի տեսքով ուղղեցին ինչպես քոլեջի ղեկավարությանը, այնպես էլ յուրաքանչյուր աշխատակցին: