Սարյանական օր

2017 թ. մարտի 25-ին Արմավիրի Արվեստի պետական քոլեջի <<գեղանկարչություն և դիզայն>> մասնագիտությունների ուսանողները, արվեստի պատմության դասախոս` Թ. Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելեցին Երևան՝ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան և Գաֆէսճեան արվեստի կենտրոն: Սարյանի տուն-թանգարանի գիդը մանրամասնորեն ներկայացրեց նկարչի կյանքը, գործունեությունը և իհարկե, նրա գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները: Շատ հետաքրքիր էր Սարյանի արվեստանոցը, որտեղ ուսանողները դիտեցին նրա կյանքից ցուցադրվող մի փոքրիկ հատված: Հաջորդ թանգարանը, որտեղ ուսանողները այցելեցին, Կասկադում գտնվող գործարար և բարեգործ Ջերարդ Գաֆէսճեանի արվեստի կենտրոնն էր: Այստեղ գտնվող ավելի քան 5000 արվեստանմուշ պարունակող այս հավաքածուն հատկապես հարուստ է ժամանակակից գեղարվեստական ապակեգործության նմուշներով, որոնց մեջ առանձնանում են հանրահայտ չեխ քանդակագործներ Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի ստեղծագործությունները: Հավաքածուն ներառում է նաև գծանկարչության, գեղանկարչության և քանդակագործության ոլորտում անվանի արվեստագետների՝ Ֆերնանդո Բոտերոյի, Արշիլ Գորկու, Ջենիֆեր Բարթլեթի, հանրահայտ ստեղծագործությունները։ Ուսանողների համար ամենատպավորիչը «Խանջյան» սրահում գտնվող մեծանուն հայ նկարիչ Գրիգոր Խանջյանի մոնումենտալ որմնանկարն էր, որը պատկերում է հայոց պատմության կարևորագույն էջերը։ Այնուհետև ուսանողները զբոսնեցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի շենքում, հետո՝ Մարտիրոս Սարյանի պուրակում, որտեղ էլ քանդակագործ Լևոն Թոքմաջյանը կառուցել է նկարչի մարմարե հուշարձանը: Մշակութային օրը եզրափակվեց Նաիրի կինոթատրոնում ցուցադրվող ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նկարահանած <<Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց>> ֆիլմի դիտումով, որը մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին է՝ նվիրված Արցախի հերոսներին և ՀՀ անկախության 25-ամյակին:

  • March 25, 2017
  • |