Տոնական համերգ` նվիրված Հայ ժողովրդի մայիսյան փառապանծ հաղթանակներին

2016թ.մայիսի 6-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ տոնական համերգ` նվիրված  Հայ ժողովրդի մայիսյան փառապանծ հաղթանակներին ու մեր քոլեջի վերջին հաղթարշավին, որը կայացավ Գյումրու‹‹Վերածնունդ›› միջազգային VIII  մրցույթ-փառատոնին:

Համերգը կազմակերպել էր Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրեն երգեցողության դասախոս` Ն.Մուրադյանը, երգեցողության բաժնի ուսանողներ` Մ.Բարեղամյանի, Ա.Առաքելյանի, Մ.Սարգսյանի, Գ.Գինոսյանի մասնակցությամբ և Ելենա Վարդազարյանի նվագակցությամբ:

Ծրագիրը բարդ էր և հագեցած: Ընտրվել էին  հայկական, ռուսական և արևմտաեվրոպական կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները:

Ն.Մուրադյանի կողմից կարճ ժամանակամիջոցում կատարվեց  ահռելի աշխատանք, որը տվեց իր ցանկալի պտուղները:  Եվ ահա   բեմից լսվեցին հրաշք մեղեդու առաջին հնչյունները և դահլիճը կարծես պարուրվեց երանելի հանգստությամբ և տեղափոխվեց մեկ այլ հարթություն: Մերթ  ընդ մերթ լսվում էին բուռն ծափահարություններ և հիացմունքի ու հոգուց բխող խոսքեր: Ոմանք հուզվել էին, իսկ ներկաներից մի քանիսն էլ նույնիսկ փորձում էին ձայնակցել կամ երգել ուսանողների հետ:Սակայն գլխավոր և ամենահուզիչ  պահը դեռ առջևում էր, երբ ուսանողները կատարելով  ‹‹Libiamo››  հատվածը  Վերդիի  ‹‹Տրավիատա ›› օպերայից  շամպայնի գավաթները ձեռքներին մոտեցան իրենց սիրելի տնօրեն, դասախոս` Ն.Մուրադյանին և ուս.գծով փոխտնօրեն`Ռ.Համբարյանին , որպեսզի ևս մեկ անգամ արդեն շամպայնի լիքը գավաթով շնորհավորեն իրենց արժանի հաղթանակը: Դահլիճի ծափահարությունները երկար ժամանակ չէին դադարում: Խոսքեր չկային, ամեն ինչ կազմակերպված էր բարձր պրոֆեսիոնալիզմով: Ներկաները մոտենում էին Ն.Մուրադյանին և իրենց հիացմունքն էին արտահայտում նման համերգ կազմակերպելու համար:

Արմավիր արվեստի պետական քոլեջում տոն էր ․․․

 

  • May 6, 2016
  • |