ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Արմավիրի արվեստի պետական քոլեջում կյանքը մշտապես ստեղծագործական ընթացքի մեջ է։ Այստեղ յուրաքանչյուր օր լցված է աշխատանքով, որոնումներով և ձեռքբերումներով։
Քոլեջի ուսանողները, համատեղելով ծանրաբեռնված դասընթացները, մասնագիտական փորձերը, հաշվետու համերգներն ու մրցույթ-փառատոնները, հասցնում են մեծ շուքով նշել ազգային և միջազգային տոները։ Այդ միջոցառումները վերածվում են իրական մշակութային իրադարձությունների, որտեղ իրենց տաղանդն ու նվիրումն են դրսևորում թե՛ շնորհալի ուսանողները, թե՛ փորձառու դասախոսները։ Այս ամենը կազմակերպվում և համակարգվում է ուսանողական խորհրդի ակտիվ գործունեությամբ և տնօրենության մշտական աջակցության շնորհիվ։
Քոլեջի ուսանողները ակտիվ են ոչ միայն կրթօջախի ներսում, այլև հասարակական կյանքում։ Նրանք համագործակցում են հանրապետության մի շարք հեղինակավոր կրթօջախների հետ։ Մասնավորապես նրանք ստեղծագործական և կրթական կապեր ունեն Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Կոմիտասի անվան Երևանի եւ Գյումրու մասնաճյուղի պետական կոնսերվատորիայի եւ մի շարք այլ բուհերի եւ քոլեջների ,ինչպես նաև Արմավիր քաղաքում գործող մի շարք կազմակերպությունների հետ՝ մասնակցելով բարեգործական, կրթական և մշակութային նախաձեռնությունների։ Համագործակցությունը իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամ Արմավիրի մարզային երիտասարդական կենտրոնի, Արմավիրի մարզային գրադարանի, Մշակույթի տան, Արմավիրի արվեստի դպրոցի, երաժշտական դպրոցների, զորամասերի և մի շարք այլ կազմակերպությունների հետ։
Այս համագործակցությունը նպաստում է ուսանողների մասնագիտական զարգացմանը, փորձի փոխանակմանը և մշակութային ու կրթական կապերի ամրապնդմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ ստեղծագործական առաջընթացի համար:
Ուսանողների մասնագիտական զարգացման կարևոր բաղադրիչ են նաև ճանաչողական այցելությունները մշակութային հաստատություններ։ Նրանք պարբերաբար լինում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ունկնդրում են օպերաներ և դիտում բալետներ։ Մեր ուսանողները հաճախակի են այցելում տարբեր թատրոններ, շփվում ժամանակակից դերասանների հետ , դիտում նրանց խաղը և ուսանում այդ ամեն։
Քոլեջի ուսանողները դասական արվեստի ջատագովներն են, նրանք մշտապես մասնակցում են տարբեր մրցույթ- փառատոնների, որոնք լինում են թե՛ Հայաստանում և թե՛ արտասահմանում՝ վերադառնալով մրցանակներով և տարբեր պատվոգրերով քոլեջում ձեռքբերած գիտելիքների շնորհիվ։
Արվեստի քոլեջի ուսանողները պարբերաբար կազմակերպում են բացօթյա դասընթացներ բնության գրկում, որտեղ ստեղծագործական միտքն ու միջավայրը միաձուլվում են։Կտավին է հանձնվում բնության գունապնակի կատարելությունը։Քոլեջը զարդարում են մեր տաղանդավոր ուսանողների նկարները ,որոնք ոչ միայն հիացմունք են պատճառում յուրաքանչյուրիս, այլև օրինակներ են կրտսեր ուսանողների համար։Պարբերաբար կատարվում են
ցուցահանդեսներ ոչ միայն քոլեջում, այլև Արմավիր քաղաքի տարբեր մշակութային վայրերում։Այստեղ ուսանողները սովորում են աշխատել բնորդների հետ, կավե պնակներ պատրաստել ,աշխատել քարերի հետ , և թրծվելով այդ ամենում՝ մեր սաներից շատերը դառնում են նկարիչներ, դիզայներներ, դերասններ, երաժիշտներ։
Այս ամենը փաստում է, որ Արմավիրի արվեստի պետական քոլեջում ապահովված է ոչ միայն մասնագիտական լիարժեք կրթություն, այլև բազմակողմանի զարգացում, հասարակական ակտիվություն և մշակութային ինքնադրսևորման լայն հնարավորություն։ Այստեղ ձևավորվում է ստեղծագործող, պատասխանատու և ազգային արժեքներին հավատարիմ սերունդ։





